Էմ-մա

Նոր ձեռքիցդ ապակե մի բան ընկավ, Էմ-մաˊ։
Քարե հատակներ ու ուր որ է փշրվելու հայտնությունը։
Նայիˊ,
Հեˊնց հիմա՝
Հեˊնց այս բեկորների միջից է երևում երազանքիդ ինչ լինելը՝
Պարզ ու թափանցիկ, դեռ չփշրված
Ապակու նման։

Նայում եմ քո աչքերով։
Նայում եմ քո աչքերին։
Նայում եմ առաջին անգամ աչքերը նոր-նոր բացածի նման։
Ավերակներ են։

Ոչ խտիտ – ոչ խաղողի փաթաթվող վազ։
Ավելի սոսկալի, քան կովկասյան
Հովազը։ Ավելի իրական,
Քան չռված երախ՝ ատամ-ատամ, ական-ական՝
Զգում եմ ինձ։
Զգում եմ ինձ, ինչպես տանը։

Գալիս է կիրակին,
Գնում է կիրակին։
Իմը չի լինելու նաև երկուշաբթին։ Գնում է հերթականը՝
Թափոր ու ձեռնունայն։
Ես քեզ չեմ ներում, ու դու, հո՜ւշ, իˊնձ չես ներում։

Մի ծայրից՝ Qarabağ։ Մի ծայրից՝ Карабах։ Մի ծայրից՝ Karabagh։
Ծայրը կորցրածի պես ծայրեծայր
Անվավեր է Անունը։

Այս կրակի վրայով քանի՞ անգամ թռած կլինեն։
Վառված թիթեռնիկներ
Ֆոսֆոր-թևիկներով։ Վկան եղանք՝
Ամեˊն օր
Չապրողիˊ
Հաշիˊվ էր։

Քայլքս քո հետևից,
Հայացքս՝ կախ,
Ներբաններս գամված հետքերիդ կեռերով։
Ականջ դնե՞մ պատգամիդ, Էմ-մաˊ,
Տուն մտնելիս մաքրե՞մ ոտքերս, խնամքով հանվե՞մ ու կախե՞մ կախիչից
Մնացած վերջույթներս։

Դեպի լույսը ձգվող գարնան մարգով տնկում եմ
Խոտի
Չվառված
Սերմերը։
Ե՞րբ հեշտ կդառնա։
Եղեսպակի դաշտե՜ր, ե՞րբ եք կանաչելու։

Լաց եմ լինելու,
Քեզ հանդիման, քեզ անխնա, քեզ ինադու լաց եմ լինելու,
Էմ-մա՜։

Երբ ասում եմ տուն եմ ուզում, լեզվիս է՝ ծաղկավոր կապույտ խալաթ։
Երբ ասում եմ տուն եմ ուզում, վախենում եմ՝ պայթի
Ցասումը։

Փակվում են կոպերս, կորչում է ամենը։
Բացվում են կոպերս, քարացած է ամեն բան։ Պատկերացրոˊւ աշխարհս՝
Հա՜ր քար։ Քոˊնն է։
Նոյեմբեր՝
Կապտող կարկամություն։

Պատմելու բան չի իսկի՝
Ափիս մեջ անծանոթի արցունք։
Փակվում են աչքերս,
Կաթիլ-կաթիլ թափվում է քարկտրած բառերի լռությունը։

Հիշո՞ւմ ես հինգշաբթին։
Հիգշաբթին հիշո՞ւմ ես։
Շաբաթվա վերջում էր, ափսո՜ս, իմացվելու՝
Հինգշաբթին էր եղել ծաղիկներիդ եղանակը։

Դեմ եմ առել՝ բլուր։
Ուրիշի թիրախում, սեփական ցողի մեջ դողացող ու բլուր։
Չեմ մաքրելու հողերը, թող մնան աչքերին։
Գիշերը
Մնում եմ։

Առաջին անգամ եմ նկատում չանճի չափը,
Որ սեփական թևերով է իր անցնելիքն անցնում
Երկուհազար երկուհարյուր կիլոմետր հեռվից ինձ տուն բերող ինքնաթիռում։
Մի ճանճի չափ լինե՜լ։

Լողացրոˊւ ինձ, էմ-մա՜։
Օսլայիˊր։
Լողակիˊր,
Եթե չշարժվեմ,
Կարծո՞ւմ ես՝ չե՞ն պայթելու
Ականները։

Բալենին ծաղկում է։
Եսիմինչ մորսցավ պայթյուններից հետո բալենին նույն ծաղկով
Ծաղկում է։
Մեկը տա՜ք-տա՜ք մուրաբա բերեր։

Փոխվեց՝ ի սպառ։
Թավշյա խոստումների միջից փամփուշտների աշուն,
Թավշյա առկայծումի միջով հրթիռների ձմեռ,
Հետո էլի աշուն, էլի ձմեռ,
Հետո էլի աշուն, էլի ձմեռ,
Հետո էլի աշուն, էլի ձմեռ,
Հետո մեկը,
Հետո էլի մեկը․․․

Մեկը նայում է սուրճի բաժակն ու զարհուրում,
Մեկը զննում է ափսեի մեջ կռծած կռուասանը։
Սկավառակի վրա՝
Կրճատվող աշխարհներ։
Կրճատվող ճանապարհը քո,
Էմ-մա՜։

Հունվար, 2024