Նախամանորյա՝ ոչ տոնական

Սարյանից Պուշկինով աջ՝ ընդամենը մի քսան մետր Պրոսպեկտ չհասած, մտա կրպակ, աստիճաններով ներքև՝ միրգ-բանջարեղենի խանութ, վերցրեցի մի քանի բան՝ նարինջ, թուրինջ, բանան, լիմոն, լայմ, քյարաուզ ու էլի մի քանի կանաչի-անուն, ու երբ աշխատողը սկսեց հաշվել-կշռել, բառերս հավաքեցի, փորձարկեցի մտքումս մի երկու անգամ, ու քանի որ բավարար թեթև, բավարար իմիջայլոց թվացին, ասացի բարձրաձայն․
– Շնորհակալ եմ լավ վերաբերմունքի համար։ Միշտ շատ լավ եք վերաբերվում։

Ու վերջին բառի վրա ձայնս բարակեց, դողաց, ակնոցի տակից երևի երևաց
Թացը աչքերիս։ Փախցրեցի հայացքս՝ ի՜նչ ամոթ, ի՜նչ անսպասելի
Թուլություն
Չստացվեց
Հանգիստ
Ասել
Մի բան,
Որ թվում էր բավարար թեթև, բավարար իմիջայլոց ու առհասարակ՝
Բավարար։

Երևի մասամբ որովհետև դրսում ձմեռ էր, արև էր, պլյուս տաս աստիճան։
Երևի մասամբ որովհետև հագին դեղին բլուզ էր, մոխրագույն տաբատ,
Իմ կոշիկներն էլ ընդարձակ էին, հարմար ու դարչնագույն։
Երևի մասամբ որովհետև քաղաքը դատարկ էր, ընդամենը մնացել էր
Ութ ժամ, քառասուն րոպե ու էլի մի քանի վայրկյան։
Երևի մասամբ որովհետև Պուշկինի անկյունում մի փոքրիկ վարդ էր ծաղկել՝
Սևահող դույլից կառչած,
Հորինո՞ւմ եմ, թե եղել է – երևի մասամբ։
Երևի մասամբ որովհետև էլ չի ստացվում հենց էնպես լավ բան ասել անծանոթին
խանութում կամ փողոցում։
Երևի մասամբ որովհետև երկուհազար քսաներեք թվականի վերջին օրն էր՝ մի շատ-
շատ ծանր տարվա, որ ոˊչ այս տարի էր սկսվել, ոˊչ էլ այս տարի էր ավարտվում։
Երևի մասամբ որովհետև թվա՞ց, թե թացացա՞ն աչքերը, սև մատիտ էր քսել՝
Դա հաստատ եմ հիշում։
Երևի մասամբ որովհետև իմաստ չկար սովորականի նման՝ շնորհավոր ձեր գալիք
տարին, մաղթում եմ, մաղթում ես, մաղթում,
Ու երևի
Մասամբ
Որովհետև
Այդուհանդերձ
Պետք էր
Պետք էր ասել մի բան
Ու տոպրակի մեջ խցելով լիմոնը, նարինջը, բանանը, լայմը, թուրինջը, քյարաուզն ու էլի մի քանի կանաչի-անուն՝ դուրս թռնել Տոնական Շամպայն-ի խցանի նման Պուշկինով Պրոսպեկտ մնացած գնումներն անելու
Այս ոչ տոնական հետօրեին։
Այս ոˊչ
Տոնական։

Փետրվար, 2024