Սարդ-սիրուհի

Այս օրն այդ օրն է։ Տապ ու անվարտիք, թանձր ու տկլոր, դժկամ միջօր է, նենգադավ օր է, ոստայնում ճապաղ լռվելու կեսօր, ոստայնում՝ չռված, սարսափ մի կեսօր։ Դարատեկտոնիկ ցնցումների մեջ ամենամեղմիկ թրթիռդ եմ զգում։ Կենսաշիթ-խլիրտ գրգիռդ եմ զգում։ Գրգիռը կյանքի, որ թակարդվել է փարթամ մարմնիդ խորխորատներում, վերահաս մահվան խրամատներում, որ – մի ակնթարթ – ու հանկարծահաս փրփրելու է, որ – մի ստոր վայրկյան – ու հանկարծըմբոստ ազատվելու է յուր որոգայթից, որ – մի ընկեցիկ ու ծախու պայթյուն- հո՜ւշ, հանկարծակուլ քեզ կուլ է տալու, որ վերջին հրձիգ մի բոսոր կարոտ կյանքիդ թրթիռը դարձնելու է բաˊռ։ Դարձնելու է բառ, հուշատախտակիդ՝ հուշիկ-գրություն։

Այնպես ճշգրիտ և այնպես ստույգ եմ զարկերակը-զարկդ բողազում բռնում, եղեգդ առնում՝ տրոփուն առէջ։ Այնպես ճշգրիտ և այնպես ստույգ եմ արնախում եղծում, անամոթ պղծում։ Այնպես ճշգրիտ և այնպես ստույգ եմ։ Սերս, ա՜խ, սերս, վեր-վեր հուրհերս, քոˊ․․․ Քոˊ էջքն է այսօր։ Սոսինձ մատներս քեˊզ են երկարում՝ դարանակա՜լ է, թալակ ու դա՜վ է դիփ շարբաթ գիրկը։ Շրեշ ոտքերս՝ փուշփշե ելունդ, բաղեղվում են քե՜զ՝ հիպնոտիկ տոտի՜կ, բոլորապտո՜ւյտ սոսնձապատո՜ւկ սիրո պատատո՜ւկ, արախնիդայի՜ն վախճանախտի՜տ, մարգարեակա՜ն պոետահուռո՜ւթք ուլունք առ ուլունք, որ կատարվում են ճշգրիտ այնպես ու այնպես ըստույգ, ինչպես շարվել են, կանխադավվել են են՝ ահաˊ, «քեզ յոթտակ կալմեջ եմ անում, սևով-սուգով, չարով-շառով, սառով-սարսափով, բժժանքով ու հմայանքով, շուտասելուկ-կախարդանքով, աչքակապուկ, ձեռնախփուկ գլուխկոտրուկ ցոլցոլանքով դարպասում եմ, կալանում եմ, թե թպրտաս՝ ջիգրոտում եմ, կախարդական մահօղակում հոˊւպ եմ տալիս՛», հավքի թևքով, սարդի տոտքով պար եմ բռնում, պար եմ ածում, ծոˊւլ եմ տալիս, պապանձվու՞մ ես՝ փնչացնում եմ, խլրտո՞ւմ ես՝ լքլքում եմ, սուտմեռուկի՞՝ կեռման-մեռման բավիղներում ուռկանում եմ ու արնակաթ ու արնաքամ ու արնածեփ, ա՜խ, հուրհերս, լափլփում եմ։ Իˊմն ես այսօր։

***
Ուտե՜մ մռութդ, յարս,
Ուտե՜մ քեզ, ջիգյարս։

Ջիˊգր ու ձիˊգ յարս, ձիˊգ ու ջիˊգ յարս,
Բոˊթ բոթիˊկ գառս, դիˊնջ ու նիˊնջ վառս,
Լոˊպ լոպաˊզ բոռս, ցիˊր ու ցաˊն կողս,
Չեˊմ ու չոˊւմ խեռս, ոˊչ ու փոˊւչ խերս,
Թևˊ-թիկոˊւնք սուտս, դեˊղ ու թոˊւյն կուտս,
Թաթալաբազս, երազ-տնազս,
Յանի ղոչաղս՝ դմրած սարսաղս,
Մունդռիկ սուտլիկս, խելքից սոթլիկս,
Զուլում գազանս, մուֆթա թալանս,
Օղբաթ բզտրիկ ու մազալու դիքս,
Սերս, ա՜խ, սերս, վեր-վեր հուրհերս։

Ուտե՜մ մռութդ, յարս,
Ուտե՜մ քեզ, ջիգյարս։

***
Իմ մայրը
Սարդ է,
Մյուս մայրս
Սարդ է։
Եվ էն մեկելը սարդ է հաˊտկապես,
Խորթ մայրս
Եվս
Սարդ է, սարդուհի,
Չքնաղ սարդուկ է փարթամ սիրուհին՝
Փռչուլիկ-դնչի՜կ, էրոտիկ-բուկի՜կ,
Թոթոլ տոտիկին ութպատիկ մեռնեմ։
Սարդության հետնորդ՝ դրոշակիրն ենք կլլի՜կ ու սլլի՜կ մեր սարդացեղի։
Ցեղակլլօն ենք, ցեղակլլօր ենք, ցեղատկլլօր ենք՝ հավատք առ տռփանք։
Օ՜, մարդկային կիրք՝ խղճուկ ու թերի, սարդագար սիրո պատիվը ունես։ Հո՜ւշ,
Սարդ եմ, սե՜րս, չքնաղագեղս՝ չուտես-չխմես՝
Լաˊփ ու լափլափես։
Ժա՜մն է, ընդկերս, խարտյաշ հուրհերս,
Խաշխաշ ուռկանում միսիկդ ուտեմ,
Հում-հում խաշի ծուծք ծիծիկդ
Ֆռռռթեմ։
Փըռռռռռռռռռ։

Մարտ, 2023